Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանը եւ Արթուր Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 8-ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Խ. Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
«Այսօր` 2011թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից ստացել ենք մեր պաշտպանյալ` պրն. Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը: Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` հանցագործության կատարմանը մեր պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,-այս մասին ասված է փաստաբանների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Խաչատուր Սուքիասյանը պաշտպանել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որի հետեւանքով, մարտիմեկյան դեպքերից հետո նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ զանգվածային նկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա մի քանի ամիս հետախուզման մեջ էր, որից հետո ներկայացել էր իրավապահներին:
Դատարանը Խ. Սուքիասյանի նկատմամբ չէր կիրառել կալանքը որպես խափանման միջոց: Այս ընթացքում Խ. Սուքիասյանից տարբեր ճնշումների միջոցով վերցրեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանը:





























