Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բելվյու պաշտոնական նստավայրում ընդունել է երկօրյա պետական այցով Գերմանիա ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է DW-ն:

Թուրքական առաջնորդի ժամանումը ուղեկցվել է զինվորական պատիվներով եւ ուժեղացված անվտանգության միջոցառումներով: Էրդողանն ու նրա կինը` Էմինեն իրենց անունները գրանցել են «Ոսկե գրքում», որտեղ պատվավոր հյուրերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության այցելությունների ժամանակ գրառումներ են թողնում: Թուրքական պետության ղեկավարին ողջունել է պատվո պահակախումբը:

Դրանից հետո կայացել է Շտայնմայերի եւ Էրդողանի հանդիպումը: Ավելի վաղ Գերմանիայի նախագահը, Redaktionsnetzwerk Deutschland լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ քննարկել թուրքական բանտերում գտնվող գերմանացի քաղաքացիների հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ թուրքական իշխանությունների ճնշումը լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա:

Ավելի ուշ Թուրքիայի նախագահը պետք է  բանակցություններ անցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ըստ Bild-ի, Էրդողանը սպառնացել է չեղյալ հայտարարել Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսը, քանի որ այնտեղ ներկա կլինի թուրքական «Cumhurriyet» ընդդիմադիր թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը:

Գերմանիայում Էրդողանի պետական այցի մասին լուրերը միանշանակ չեն ընդունվել: Քննադատները կարծում են, որ Թուրքիայի նախագահի ավտորիտար քաղաքականության պատճառով անպատեհ է ամենաբարձր մակարդակի արարողակարգով նրան ընդունելը:

Այս ֆոնին հազարավոր ցուցարարներ ցանկանում են Բեռլինում ցույցերի դուրս գալ: Ըստ կազմակերպիչների կանխատեսումների, Erdogan Not Welcome  քրդամետ միավորման կոչով Պոտսդամի հրապարակում կարող է  մոտ 10 հազար մարդ հավաքվել: