ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն այցելելուց հետո սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես անհանգստացած եմ այդ հարցով», — ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի ճակատագրի մասին հարցին: Նրա խոսքը ներկայացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Նա նաեւ ասել է, որ «ոչ ոք ոչինչ չգիտի այդ մասին»:
Չորեքշաբթի ԶԼՄ-ի թուրք-արաբական ասոցիացիան հաղորդել էր, որ Հաշքաջին, որը Washington Post-ում տեսաբան է աշխատում եւ ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, Թուրքիայում անհետացել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքն է մտել:
Ինչպես հաղորդել է Аnadolu գործակալությունը, վկայակոչելով սաուդցի լրագրողի հարսնացուին, որի անունը չի բացահայտվում, հյուպատոսարանի անձնակազմը Հաշքաջիին հրավիրել է փաստաթղթերի ձեւակերպման համար, իսկ իրեն թույլ չեն տվել մտնել շենք: Հինգ ժամ սպասելուց հետո հյուպատոսության աշխատակիցներից մեկը աղջկան ասել է, որ Հաշքաջին արդեն հեռացել է, եւ կարիք չկա նրան սպասելու:
Սաուդյան մամուլի գործակալությունը, վկայակոչելով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությանը, հաղորդել է, որ Հաշքաջին անհետացել է հյուպատոսարանի շենքից դուրս գալուց հետո, եւ դիվանագիտական առաքելությունը համագործակցում է թուրքական իշխանությունների հետ նրա անհետացման հանգամանքները պարզելու համար:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինն ասել է, որ թուրքական իշխանությունները տեղեկություն են ստացել, որ լրագրողը հյուպատոսության շենքում է: Ուրբաթ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման Ալ Սաուդը Reuters գործակալությանը հայտնել էր, որ թուրքական իշխանությունները ցանկության դեպքում կարող են Ստամբուլում Սաուդյան հյուպատոսությունում խուզարկություն անցկացնել:




























