ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Խալեդ Բեն Աբդուլազիզը հերքել է Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Al-Arabia հեռուստաալիքը` վկայակոչելով դեսպանի հայտարարությանը:
«Սովորաբար ես նախընտրում եմ չպատասխանել նման սկանդալային հայտարարություններին, հատկապես երբ դա վերաբերում է անհետացած քաղաքացու բարօրությանը, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է իր երկրին: Բնականաբար թագավորությունում նրա ընտանիքը շատ է անհանգստանում նրա համար եւ մենք նույնպես: Ջամալը թագավորությունում շատ ընկերներ ունի, այդ թվում եւ ես, եւ չնայած մեր տարաձայնություններին եւ «կամավոր արտաքսման» մեջ հայտնվելու նրա ընտրությանը, մենք միեւնույն է անընդհատ կապի մեջ էինք, երբ նա Վաշինգթոնում էր», — ասվում է դիվանագետի հայտարարությունում:
Նրա խոսքով, հյուպատոսությունը միջադեպի հետաքննության կապակցությամբ համագործակցում է տեղական իշխանությունների հետ: Թագավորությունը նաեւ անվտանգության խումբ է ուղարկել թուրքական կողմի հետ համատեղ հետաքննություն անցկացնելու համար:
«Ես հավաստիացնում եմ, որ լուրերը, որոնց համաձայն Ջամալ Հաշքաջին Ստամբուլում անհետացել է հյուպատոսարանում կամ որ իշխանությունները ձերբակալել կամ սպանել են նրան, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը եւ հիմնավորված չեն», - ասել է դեսպանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























