«Իմ եղբոր տղան կապ չունի «Երեւան Սիթի»-ի կաֆեում տեղի ունեցած ծեծի հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն` անդրադառնալով Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանի հետ տեղի ունեցածին, ով պատգամավորի եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին մեղադրում է իրեն դաժան ծեծի եւ բռնությունների ենթարկելու մեջ: Սամվել Ալեքսանյանը վստահեցրեց, որ Շահեն Հայրապետյանը «էդ պատմությունը սարքել է», որպեսզի խուսափի պարտքից: Ներկայացնում ենք մեր զրույցը գործարար պատգամավորի հետ` առանց խմբագրումների: (Նա համաձայնեց մեզ հարցազրույց տալ, պայմանով, որ բառ առ բան կգրենք այն, ինչ կպատմի եւ իր ասած «տանձը» չենք սարքի «խնձոր»):
Իմ եղբոր տղեն կապ չունի էդ ծեծի հետ: Իմ եղբոր տղայի ընկերները պայմանավորվել են մեկի հետ (Շահեն Հայրապետյանի-խմբ.), կանչել են, նստել են, խոսել են, պայմանավորվել են ու ճամփու են դրել: Էդ Շահենը, որ փող ա պարտք ըլնում միլիոն ու կես, էթում ա մի հատ իրավաբանի մոտ ու ասում ա, թե ոնց անեմ, որ էդ փողից պրծնեմ: Էդ իրավաբանն էլ ասում ա, տես ես քեզ ոնց եմ օգնում. զանգում ա «Ազատության ձայնին» («Ազատություն» ռ/կ) ու ասում ա` արեք, Շահենի դեմ բռնություն ա, ինչ պետք ա` արեք: Պայմանավորվում են` ոնց ասի, ոնց շառ անի….Ըտենց էլ կգրես: Հիմա էդ գործը Շահումյանի բաժնում ա, կարաք զանգեք բաժին ու հարցնեք:
Պարոն Ալեքսանյան, ճիշտ հասկացա՞նք, փաստորեն, Շահեն Հայրապետյանն այս ողջ պատմությունը «սարքել» է, որպեսզի խուսափի պարտքը վճարելուց:
Հա, սարքել ա, որ փողը էդ մարդկանց չտա:
Իսկ Ալեքսանյան Արտակը ի՞նչ առնչություն ունի ձեզ հետ եւ պատմության հետ ընդհանրապես:
Նա իմ մահացած եղբոր տղան ա, իսկ էն մարդիկ, ում պարտք ա Շահենը, նրա ընկերներն են եղել, նրանք կանֆետի գործ են անում: Երկար տարիներ էդ մարդու` Շահենի հետ աշխատել են, ու ընենց ա ստացվել, որ էդ մարդը պարտք ա մնացել:
Ասեմ, որ էդ մարդը հազար հոգու պարտք ա: Ընդամենը «Երեւան Սիթի» կաֆեում ժամադրվել են, կրկնում եմ, եկել, խոսել, ճամփու են դրել:
Ու չգիտես ինչի, էդ պատմությունը բերել կպցրել են իմ եւ իմ եղբոր տղու անվան հետ: Հիմա կարող ա «Երեւան Սիթիում» չպայմանավորվեին, կարող ա քաղաքի այլ կաֆեում ժամադրվեին, մե՞նք պրիչոմ»:
Հ. Գ. Շահեն Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փետրվարի 10-ին տեղեկացրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն` ակնկալելով, որ Դատախազությունը քրեական գործ կհարուցի իր պնդմամբ, իրեն ծեծի ու բռնությունների ենթարկած անձանց նկատմամբ եւ կապահովի իր ու իր ընտանիքի անվտանգությունը: Հաղորդումը վերաբերում է ոչ միայն Արտակ Ալեքսանյանին, այլ նաեւ նրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձանց:
Քաղցրավենիք ներկրող «Սուարեն» ֆիրմայում առաքիչ աշխատած Հայրապետյանը պնդում է, որ իրեն սպառնացել են, որ եթե չվերադարձնի գործընկեր մի քանի խանութների փակվելու պատճառով ֆիրմային պարտք մնացած 1.5 միլիոն դրամը, ապա կպայթեցնեն Հրազդանի իրենց տունը եւ դաժան հաշվեհարդար կտեսնեն իր ու իր ընտանիքի հետ: Այս պահին Շահենն ու ընտանիքը լքել են տունը:
Հայրապետյանը պատմել է, որ առաքիչ աշխատելու ընթացքում «Սուարեն» ֆիրմայի ապրանքները բաժանել է Հայաստանի մարզերի խանութներին, որոշ դեպքերում վաճառելուց հետո գումարը վերցնելու պայմանով: Բայց որոշ խանութներում ապրանքը չի վաճառվել, մի քանիսն էլ փակվել են` իրեն պարտք մնալով 3 միլիոն դրամ:
Հայրապետյանի պնդմամբ` այդ գումարից 1,5 միլիոնը վերադարձրել է գործատուին, իսկ մնացած 1,5 միլիոն դրամը մարելու համար ինքը առաջարկել է անվճար աշխատել: Նրա խոսքով` փետրվարի 3-ին Արտակ Ալեքսանյանի ընկերը զանգահարել է իրեն` առաջարկել գալ Կոմիտաս փողոցում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետ` պայմանավորվածություն ձեռք բերելու: Բայց քաղաքացու պնդմամբ, խանութի նկուղում իրեն դաժան ծեծի են ենթարկել:
«Անվայել բառեր էին ասում, պադվալ էին իջեցրել ու խփում էին, 5-6 հոգով էին, հետո մի էդքան էլ ավելացան:
Ալեքսանյան Արտակի կարգադրությամբ էր էդ ամենը արվում, ինքն էլ էր ինձ խփում փայտով»,- պատմել է Շահեն Հայրապետյանը` ցույց տալով մարմնի վրա գոյացած կապտուկները:
Կոմիտասի «Երեւան սիթի» սուպերմարկետի պատասխանատուները հերքել են, որ նման միջադեպ խանութի նկուղում եղել է:




























