Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը Սաուդյան Արաբիայի ղեկավարներն են տվել, սակայն վստահ է, որ թագավորը դրան առնչություն չունի։ Այդ մասին Էրդողանը գրել է The Washington Post-ում տպագրված իր հոդվածում։
«Մենք գիտենք, որ նրանք, ովքեր կատարել են դա, գտնվում են Սաուդյան Արաբիայում 18 կասկածյալ-կալանավորվածների մեջ։ Մենք նաեւ գիտենք, որ այդ մարդիկ եկել են հրաման կատարելու՝ Խաշոգջիին սպանելու եւ մեկնելու։ Եվ վերջապես, մենք գիտենք, որ Խաշոգջիի սպանության հրամանը սաուդյան կառավարության ամենավերեւներից է տրվել»,- գրել է Էրդողանը։
Էրդողանի կարծիքով՝ Խաշոգջիի սպանությունը Անկարայի եւ Էր Ռիադի հարաբերություններում դժվարություններ չի ստեղծում, միաժամանակ՝ դա չի նշանակում, որ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների համար Թուրքիան աչք կփակի լրագրողի սպանության վրա։
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Նշենք, որ լրագրողի մարմինը դեռեւս չի գտնվել։ Կարծիք կա, որ այն լուծել են ծծմբաթթվի մեջ։




























