Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն նկատողություն է հայտարարել բրիտանացի պատգամավորներին, ովքեր ֆուտբոլ են խաղացել երկրի խորհրդարանի Ստորին պալատի նիստերի դահլիճում՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Հինգ խորհրդարանականներ պետք է խաղային կանանց թիմի կողմից, սակայն չեն կարողացել մասնակցել խաղին, քանի որ այն ժամանակի առումով համընկել է քվեարկության հետ։ Խաղը հետաձգել են, սակայն Բերքոուն թույլ է տվել դահլիճում ֆուտբոլային հագուստով ֆոտոշարք անել, որից հետո պատգամավորները որոշել են նաեւ տեսանյութ նկարահանել, եւ Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Խանա Բարդելը մի քանի անգամ հարվածել է գնդակին։ Խոսնակն այդ վարքագիծն անընդունելի է համարել։
«Կարծում եմ, որ կարող եմ հանդես գալ ողջ պալատի անունից եւ հայտարարել, որ մեր պատմական դահլիճը չպետք է նման գործողությունների համար օգտագործվի»,- ասել է Բերքոուն։
Իսկ Ստորին պալատի խոսնակը նշել է, որ դեպքի բոլոր մասնակիցները տեսանյութի համար ներողություն են խնդրել։





























