Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ Արգենտինայում անցկացվող G20 գագաթաժողովի շրջանակներում հանդիպման նախաձեռնողն էր: Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Թագաժառանգը մեր նախագահի հետ հեռախոսազրույցում ցանկություն հայտնեց հանդիպել Արգենտինայում: Չհանդիպելու պատճառ, իհարկե, չկա: Դա կարող է տեղի ունենալ», - ասել է նա:

Միեւնույն ժամանակ, նախարարը քննադատել է Թրամփի դիրքորոշումը լրագրող Խաշոգջիի սպանության վերաբերյալ:

«Սաուդյան Արաբիան մեզ համար շատ կարեւոր երկիր է, մենք ունենք լավ հարաբերություններ... Բայց Թրամփի դիրքորոշումը՝ «անկախ նրանից, թե ինչ տեղի ունենա, ես աչք եմ փակելու», սխալ է: Ամեն ինչ չէ, որ փողի օգնությամբ է լուծվում», - ասել է նա: