Դատաիրավական ոլորտի բարեփոխումներն են քննարկել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ու Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը գտնվում է կարևոր ժամանակաշրջանում՝ պայմանավորված ընտրական գործընթացներով, և պատվիրակությունն այստեղ է՝ վերահաստատելու իրենց կառույցի շարունակական աջակցությունը բարեփոխումների ծրագրերին:

Նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ, անկախ քաղաքական գործընթացներից, դատաիրավական ոլորտի բարեփոխումներն առաջնային են Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դրանք բխում են քաղաքացիների շահերից:

Արթուր Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է այդ ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք առաջին հերթին հասցեագրված են անկախ և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության ամրապնդմանը:

Իբրեւ առաջնահերթություն՝ փոխնախարարը նշել է դատավորների քանակի ավելացումը, աշխատավարձերի վերանայումը, ամբողջությամբ էլեկտրոնային ծանուցումերի և էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրումը, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացումը:

Նա նաև անդրադարձել է սնանկության վարույթի հետ կապված նախատեսվող փոփոխություններին, որոնք ուղղված են վարույթի ժամկետների և ծախսերի էական կրճատմանը, ինչպես նաև դրա թափանցիկության և սնանկության գործով կառավարիչների գործողությունների հաշվետվողականության բարձրացմանը:

Ամփոփելով դատաիրավական բարեփոխումների աշխատանքները՝ Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ այդ գործընթացները դրական ազդեցություն կունենան նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վրա՝ միաժամանակ ընդգծելով, որ բարեփոխումները ունեն լուրջ հակակոռուպցիոն ազդեցություն:

Անդրադառնալով օժանդակություն պահանջող կարիքներին՝ փոխնախարարն ընդգծել է քաղաքացիական, վարչական դատավարությունների, կատարողական վարույթի, ինչպես նաև մի շարք այլ օրենքների մշակման առնչությամբ հնարավոր աջակցության անհրաժեշտությունը, այնուհետև պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Յուտա ընդգծել է, որ պատրաստակամ են հետագայում ևս սերտ համագործակցել նախանշված ուղղություններով՝ բարեփոխումներն ապահովելու համար: