Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ: Այս մասին Երեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի  Գլխավոր վեհաժողովի 52-րդ նիստի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ի եւ կազմակերպությունում Հայաստանի նախագահության անունից Բաբլոյանը ողջունեց ԳՎ հյուրերին եւ մասնակիցներին: «Ուրախությամբ եմ նշում, որ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչները Երեւան են ժամանել: Չնայած նախընտրական գործընթացներին, մենք՝ որպես նախագահող երկիր, կարեւորում ենք ԱԾՏՀ ԽՎ հետեւողական եւ անընդհատ գործունեության ապահովումը: Վստահ եմ, որ Հայաստանի նոր ընտրվող խորհրդարանը ակտիվորեն կներգրավվի միջազգային գործունությանը՝ հաշվի առնելով տարեցտարի խորհրդարանական դիվանագիտության դերի մեծացումը»,- նշեց Արա Բաբլոյանը: Նա հիշեցրեց, որ սեւծովյան տարածաշրջանի երկրները բնորոշվում են բազմամշակութայնությամբ եւ լուրջ տնտեսական ներուժով, նրանք 25 տարի առաջ կազմակերպություն են ստեղծել, որը կոչված է գործունեության համակարգմանը:

Այսօր 350 մլն բնակչությամբ սեւծովյան տարածաշրջանը արեւելքի եւ արեւմուտքի միջեւ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում փոխգործակցության կարեւոր հանգույց է: Ինչպես նշեց Արա Բաբլոյանը, անվիճելի է, որ տարածաշրջանում առկա է որոշակի լարվածություն, որը խոչընդոտում է առանձին երկրների եւ երկրների խմբերի միջեւ տնտեսական փոխգործակցության խորացմանը: «Սակայն տնտեսության զարգացումը եւ տնտեսական ներուժի կոնսոլիդացիան կարող է լավ նախադրյալ լինել մարտահրավերներին պատասխանելու համար: Ժամանակակից իրողություններում մենք չպետք է մոռանանք, որ խնդիրների լուծմանը կարելի է հասնել հրապարակային եւ ազնիվ երկխոսության ընթացքում: Միջխորհրդարանական դիվանագիտությունը այս հարցում անփոխարինելի գործիք է»,- նշեց Բաբլոյանը:

ԱԺ խոսնակը շեշտեց, որ սա տարածաշրջանում միակ կազմակերպությունը չէ, որը բացառապես տնտեսական բնույթ ունի: «Սա տարածաշրջանի ժողովուրդների միջեւ կարեւոր խողովակ է: Մենք պետք է հավատարիմ մնանք խաղաղության եւ տնտեսական համագործակցության զարգացման գործին: Մենք ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամներին կոչ ենք անում շարունակել այս ուղղությամբ համատեղ գործողությունները»,- շեշտեց Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ կազմակերպությունը կրեատիվ մտածողության կարիք ունի:

«Գլխավոր առաջնայնությունն է տնտեսական համագործակցության ամրապնդումը: Հայաստանը հաստատում է գաղափարին իր հանձնառությունը եւ պնդում է, որ կազմակերպության արդյունավետության համար անհրաժեշտ է պահպանել տնտեսական բնույթը՝ խուսափելով ավելորդ քաղաքականացումից: Հայաստանը պատրաստ է այսուհետեւ եւս իր ավանդը բերել՝ առաջ քաշելով նոր նախագծեր ու նախաձռնություններ»,- հայտարարեց Արա Բաբլոյանը: