Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ օրակարգն առավել հարստացնելու  եւ փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս առումով զրուցակիցները որպես գերակա ուղղություններ առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտները եւ կարեւորեցին տվյալ ուղղություններում փորձի փոխանակման հարթակների ձեւավորումն ու համապատասխան ծրագրերի նախաձեռնումը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի պատոնակատարը ներկայացրեց կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները եւ դրական տեղաշարժերը՝ այս գործընթացում որպես կարեւոր հանգրված ընդգծելով արդար եւ միջազգային չափանիշներն համապատասխան ընտրությունների անցկացումը:

Կողմերի ուշադրության կենտրոնում էին միջազգային հարթակներում եւ միջխորհրդարանական ձեւաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։

Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ գործընկերությանը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ Արեւելյան գործընկերությանը 10-ամյա հոբելյանը լավ հանգրվան է գնահատելու այս ձեւաչափով արձանագրված ձեռքբերումները եւ նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները: