Լիբիայի նախագահի որդին`Սեյֆ ալ Իսլամը ընդդիմությանն առաջարկել է փետրվարի 21-ից սկսել ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ երկխոսությունը` «խուսափելու համար Լիբիայի պառակտումից եւ քաղաքացիական պատերազմից»:

«Մենք պետք է օգտագործենք Լիբիայի համար աննախադեպ բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունը», -հանդես գալով ազգային հեռուստատեսությամբ` ասել է նա:  Սեյֆ ալ Իսլամը հայտնել է, թե արդեն կա բարեփոխումների նախանկան փաթեթը, որը պետք է հաստատել: Միաժամանակ նա կոչ է արել հաշվի առնել հարեւան Թունիսում եւ Եգիպտոսում հեղափոխությունների  «տխուր» փորձը: »Ի տարբերություն մեր հարեւանների, մենք կարող ենք ստանալ ամեն ինչ` չհատուցելով սարսափելի գինը»,-ասել է նա:

 «Մենք տասնյակ տարով կմոռանանք զարգացման, կրթության եւ առողջապահության մասին»,- զգուշացրել է առաջնորդի որդին` ավելացնելով, որ երկիրը կթողնեն նաեւ նավթային ընկերությունները: Նա նաեւ պարզաբանել է, որ Լիբիան, ի տարբերություն Եգիպտոսի եւ Թունիսի, կազմված է ցեղախմբերից, որոնք կենտրոնական իշխանության բացակայության պարագայում կսկսեն պատերազմել իրար դեմ` նկատելով, որ հիմա մարդկանց ձեռքին շատ մեծ քանակի զենք է հայտնվել:

Լիբիայում արդեն մի քանի օր շարունկվում են ցույցերը` Քադաֆիի հրաժարականի պահանջով: Որոշ տեղեկություններով` Քադաֆին լքել է Լիբիան եւ մեկնել է Վենեսուելա: