«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը այսօր կդիմեն դատախազություն՝ իրենց պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդությամբ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ:

Նրա պաշտպանների քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 18-ին, որից հետո նրանք միջնորդություն էին ներկայացրել «Մարտի 1-ի» քրեական գործը քննող ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին և նշել, որ քր.գործում Նիկոլ Փաշինյանի կողմից քրեորեն հետապնդելի որևէ գործողություն կատարելու փաստ չկա։ Ուստի նախաքննության մարմինը պարտավոր էր քրեական գործը կարճել, ինչը չի արել։ Փաստաբանները միջնորդել էին, որպեսզի նախաքննության մարմինը հաստակեցնի, թե կոնկրետ ինչո՞ւմ է մեղադրվում Նիկոլ Փաշինյանը, որ այդ հիմքով էլ կարճման միջնորդություն բերվի։ Սակայն ՀՔԾ-ն հստակեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է: