Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն երեքշաբթի հայտարարել է Եփրատից արեւելք Սիրիայի հյուսիսային տարածք հնարավորինս արագ մտնելու Անկարայի մտադրության մասին:

«Եթե Թուրքիան ասում է, որ Սիրիա կմտնի, ապա այդպես էլ կլինի: Մենք ԱՄՆ-ի հետ կհամակարգենք Սիրիայից նրա զորքերի դուրսբերումը: Մենք մտադիր ենք հնարավորինս արագ մտնել Եփրատի արեւելք»,- TRT-ի փոխանցմամբ՝ ասել է նա:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «աշխատում է, որպեսզի ԱՄՆ-ի հեռանալուց հետո Սիրիայում վակուում չառաջանա, որը կլցվեր ահաբեկչական խմբավորումներով»:

Նախօրեին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Անկարան «իր գործողությունները Ռուսաստանի հետ կհամակարգի Եփրատից արեւելք»:

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր առաջիկա օրերին Եփրատի արեւելյան ափին քրդական կազմավորումների դեմ գործողություններ սկսելու մտադրությունների մասին: Մինչ այդ Թուրքիան Սիրիայի տարածքում արդեն երկու ռազմական գործողություն էր անցկացրել՝ «Եփրատի վահան» եւ «Ձիթենու ճյուղ»: Արդյունքում սահմանային Աազազ եւ Ջերաբլուս քաղաքների միջեւ ստեղծվել էր անվտանգության բուֆերային գոտի, ինչպես նաեւ օկուպացվել էր քրդերով բնակեցված Աֆրին շրջանը: