Ֆիզիկայի պրոֆեսոր եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Միտիո Կակուն կարծում է, որ մարդիկ ստիպված կլինեն լքել Երկիրը։ Այս մասին նա գրել է իր «Մարդկության ապագան» գրքում։

Ողջ պատմության ընթացքում կարմիր գծի պես անցնում է այն տեսակետը, որ մարդիկ կամ ստիպված կլինեն լքել Երկիրը, կամ զոհվել, ինչպես մի ժամանակ տեղի ունեցավ դինոզավրերի եւ ընդհանրապես մեր մոլորակի վրա ապրող տեսակների 99,9 տոկոսի հետ՝ տեղեկացնում է HighTech-ը։

Պատճառները տարբեր են՝ ինչ-որ մեկին դուր չի եկել սուպերհրաբխի ժայթքումից հետո առաջացած կլիմայական փոփոխությունները, ինչ-որ մեկն, ինչպես դինոզավրերը 100 մլն տարի առաջ մետեորիտի անկումից հետո, չի կարողացել հարմարվել նոր Երկրին։ Կակուն անմիջապես ավելացնում է, որ մարդկության բախտը մինչ այժմ բերել է՝ մեր տեսակի գոյության ողջ ժամանակաշրջանում տեղի են ունեցել այնպիսի աղետներ, որոնք կարող էին ոչնչացնել երկրագնդի վրա ամեն կենդանի բան։

«Տոբ հրաբխի ժայթքումից հետո մարդկության մեծ մասն ուղղակի անհետացել է Երկրի երեսից, եւ մնացել է մի խումբ՝ տառացիորեն 2000 մարդ։ Կեղտոտ եւ ցնցոտիապատ հենց այս խմբի մարդկանց է վիճակվել դառնալ մեր նախնիները, այն Ադամներն ու Եվաները, որոնց սերունդները ժամանակի ընթացքում բնակեցրել են ամբողջ մոլորակը»,- Պատմում է Կակուն Ինդոնեզիայում մոտ 75 հազար տարի առաջ Տոբ սուպերհրաբխի ժայթքման մասին։ Դա երկրի վրա ամենաաղետալի իրադարձությունն էր վերջին 25 մլն տարվա ընթացքում։ Հրաբխից հետո մի քանի տարի երկրագնդի վրա ջերմաստիճանն իջել է 15 °C-ով, ինչը կարող էր մարդկության ոչնչացման պատճառ դառնալ։

Մարդկանց կողմից Երկիրը լքելու եւս մեկ պատճառ Միտիո Կակուն համարում է մարդկության զարգացումը։ Մարդիկ, որպես տեսակ, երկրաչափական պրոգրեսիայով ավելացնում են իրենց թիվը՝ 1 մլրդ՝ յուրաքանչյուր 12 տարին։ Վաղ թե ուշ, ըստ գիտնականի, մեզ չի հաջողվի խուսափել պատերազմներից, որոնք կբռնկվեն սննդամթերքի անբավարարության, մաքուր ջրի անհասանելիության, որոշ տարածաշրջանների գերբնակեցման հետեւանքով, եւ մի քանի տասնյակ տարով հետ կմղեն մարդկությանը։ Կակուն դիտարկում է նաեւ տաքացումը, որ տարեցտարի ավելի դժվար է դադարեցնել, եւ օվկիանոսի մակարդակի բարձրացումը։