Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրկին դարձել է քննադատության թիրախ իր խոստավանությունից հետո, որ դեռահաս տարիքում  «ձեռք գցել» է աղախնին: Կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մեղադրել են նրան բռնաբարության փորձի եւ սեռական բռնության խրախուսման մեջ, հաղորդում է AFP-ն:

Դուտերտեն հաճախ է ենթարկվում քննադատության կանանց հասցեին իր մեկնաբանությունների պատճառով՝ ներառյալ բռնաբարությունների վերաբերյալ կատակներն ու ամուսնական դավաճանության մասին պարծենկոտությունը:

Վերջերս նա պատմել է՝ ինչպես է ավագ դպրոցում խոստովանել քահանային՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես է մուտք գործել իր աղախնի սենյակ, երբ վերջինս քնած էր: « Ես բարձրացրի վերմակը… Ես փորձեցի դիպչել նրան, թե ինչ էր ներքնազգեստի ներսում»,-ասել է Դուտերտեն: «Նա արթնացավ, այդ պատճառով ես դուրս եկա սենյակից»: Այնուհետեւ նա վերադարձել է եւ կրկին սկսել է ձեռք գցել նրան:

Կանանց իրավունքների պաշտպանության «Գաբրիելա» քաղաքական կուսակցությունը քննադատել է Դուտերտեի «զզվելի» մեկնաբանությունները եւ կոչ է արել նրան հրաժարական տալ՝ հայտարարելով, որ խոստովանել է բռնաբարության փորձը:

73-ամյա Դուտերտեն նմանօրինակ մեկնաբանություններ է արել՝ քննադատելով կաթոլիկ եկեղեցուն երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքների հետ կապված: Դուտերտեն, որն անվանում է եկեղեցուն «ամենաերեսպաշտ կառույց», հայտարարել է, որ նա եւ իր դասընկերները դպրոցում ենթարկվում էին ծաղրանքի խոստովանության ժամանակ: