Վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները սպասում են փետրվարի 24-ին ԱԺ հնարավոր արտահերթ նիստին, որտեղ պետք է քննարկվի մաքսային օրենսգրքում վերջին փոփոխությունները վերանայելու հարցը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու դիմում-պահանջով հանդես են եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:
Որոշ գյումրեցի վարորդներ լուծումն արդեն գտել են եւ մտադիր են իրենց մեքենաները թողնել վրացական սահմանին:
Գյումրեցի Արմեն Ավետիսյանը մեքենան գնել էՎրաստանից` 2009 թ.ին: Օրենքի շրջանակներում, յուրաքանչյուր ամիս պարտաճանաչ կերպով հատել է հայ-վրացական սահմանն ու մաքսազերծել մեքենան: Իսկ 2010-ի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո որոշել է մեքենան տանել-թողնել վրացական սահմանին:
«Մեքենայիս գնի չափ գին են ուզում, որ մաքսազերծեն, իսկ ես ի վիճակի չեմ: Վաճառում եմ մեքենաս, բայց գնորդ էլ չկա Հայաստանում .մեքենայիս գրել-խփել եմ` «վաճառվում է», նայում են համարանիշին, տեսնում են վրացական է՝ մոտ եկող չկա, անգամ գին չեն հարցնում: Դրա համար ճար չունեմ : Տանելու եմ մեքենաս թողնեմ վրացական սահմանին ու հետ գամ»,- ասում է գյումրեցի վարորդը:
Հիշեցնենք, որ վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, ըստ որոնց վրացական համարանիշով մեքենան Հայաստան կարող է մուտք գործել միայն մեկ անգամ՝ 15 օր ժամկետով:



























