ԱՄՆ-ը մտադիր է կրկնակի չափով կրճատել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում, սակայն այնտեղ կթողնի հատուկ նշանակության հարվածային խմբերը` «Թալիբան» արմատական խմբավորման   գրոհայինների դեմ հարձակումներ իրականացնելու համար, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Military.com-ին:

Կայքի՝ Պենտագոնում ունեցած աղբյուրը հրաժարվել է հրապարակել զորքերի դուրսբերման մասին մանրամասներ, սակայն նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սքոթ Միլլերը ծրագրում է հայրենիք ուղարկել այնտեղ ներկայումս տեղակայված 14 հազար զինծառայողներից 7 հազարին: Դա ծրագրվում է իրականացնել առաջիկա 8-12 ամիսների ընթացքում: Դրա հետ մեկտեղ, աղբյուրը նշել է, որ հատուկ նշանակության ուժերը կշարունակեն հարվածել թշնամու դիրքերին: «Մենք երկրում ենք թողնում հարվածային խումբը»,- հաստատել է նա:

Դեկտեմբերի վերջին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է նախապատրաստել Աֆղանստանից մոտ 7000 ամերիկյան զինծառայողների դուրսբերման ծրագիրը: Այնուամենայնիվ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մամլո ծառայության ղեկավար Գարեթ Մարկին ասել է, որ պետության ղեկավարը Պենտագոնին նման հրաման չի տվել եւ նման որոշում չի կայացրել:

Պաշտոնական տվյալներով, Աֆղանստանում ներկայումս մոտ 14.000 ամերիկյան զինծառայողներ են գտնվում, որոնք, բացի թալիբների դեմ գործողություններին մասնակցելուց, զբաղվում են աֆղանական զինված ուժերի պատրաստմամբ, որպեսզի ապագայում նրանք իրենք կարողանան պայքարել ահաբեկիչների դեմ: Բացի այդ, երկրում տեղակայված են ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրներից 16 հազար զինծառայողներ, սակայն նրանք չեն մասնակցում գործողություններին, այլ հանդես են գալիս որպես ռազմական խորհրդատուներ: