Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի մերձավոր շրջապատի վեճերին եւ դաշինքներին է անդրադառնում Միկելե Ֆարինան` Corriere della Sera թերթում հրապարակված հոդվածում:
«1990թ. փախուստ դեպի դժոխք» պատմվածքում Մուամար Քադաֆին գրում էր. «Ես սիրում եմ զանգվածներին եւ վախենում նրանցից, այնպես, ինչպես սիրում եւ վախենում եմ հորիցս: Ինչ հավատարմության են նրանք ընդունակ ուրախության պահին, բայց ինչ դաժանություն կանեն ցասման ժամանակ»:
Նրան շրջապատում է հավատարիմ մարդկանց նեղ շրջանակ. Գլխավոր հրահանգիչ Բաշիր Սալահը, գեղատեսիլ ամազոնուհիների էսկորտը, չորս ուկրաինուհի բուժքույրեր: Նաեւ նրա բազմանդամ ընտանիքը: Արական սեռի յոթ ժառանգներ, միակ փաստաբան դուստրը, երկու կին (որոնցից մեկից բաժանվել է, մյուսն էլ անտեսանելի է: Wikileaks-ի հրապարակած հեռագրերում ամերիկյան դեսպանը հիշատակում է նրա չորրորդ որդուն` Մութասիմին:
Մութասիմը, թերեւս, ամենաշատն է նման հորը: Նա ցասման այս պահին էլ ամենամեծ հաճույքով էր դիմավորում զանգվածներին: Սակայն հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ավագ եղբայրը` Սաիֆ ալ-Իսլամը: Նա միակն է, ով կարող է քննադատել հորը եւ խոսել անհրաժեշտ բարեփոխումների մասին: Նրա շնորհիվ էր, որ արեւմտյան շատ երկրներ դրական էին վերաբերվում Քադաֆիին:
Ամերիկյան դիվանագետների տվյալներով, Սաիֆի եւ մյուս եղբայրների միջեւ պայքարը գագաթնակետին է հասել մի քանի տարի առաջ: Միակ քույրը փորձում էր հաշտեցնել նրանց, սակայն Մութասիմն ու ալ-Իսլամը շարունակում են պայքարը: Իսկ Քադաֆի ավագը մինչ երեկ ստվերում էր, ուկրաինուհի բուժքույր Գալինայի հետ: Նա, ում համար էլ տեղ է ապահովված Քադաֆիի կողքին դժոխք փախուստի ճանապարհին»:





























