Հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկու օրինագիծ է ընդունել՝ մինչեւ փետրվարի 8-ը ՆԳՆ եւ մինչեւ սեպտեմբերի 30-ն այլ գերատեսչությունների  ֆինանսավորման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պալատում քվեարկությունը տեղի է ունեցել այսպես կոչված «կառավարության փակման» ֆոնին. դեկտեմբերի 22-ից ԱՄՆ մի շարք նախարարություններ եւ գերատեսչություններ, այդ թվում Պետական դեպարտամենտը, Արդարադատության նախարարությունը, ՆԱՆ, Տրանսպորտի եւ գյուղատնտեսության նախարարությունները դադարեցրել էին իրենց աշխատանքը: Պատճառը բյուջեի բացակայությունն էր, ինչի մասին  դեկտեմբերի 22-ին Կոնգրեսում դեմոկրատներն ու հանրապետականները այդպես էլ չկարողացան համաձայնության գալ:

Քվեարկության արդյունքների համաձայն՝ 239 կոնգրեսականներ հանդես են եկել առաջին փաստաթղթի օգտին, իսկ 192-ը` դեմ: Երկրորդն աջակցել է 241 մարդ, դեմ է քվեարկել՝ 190-ը:

Կողմերի միջեւ անհամաձայնության հիմնական պատճառը  Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումն էր, որին կողմ է արտահայտվում Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը  եւ նրա կուսակից հանրապետականներից շատերը: Ընդունված փաստաթղթում այդ նպարտակի համար նախագահի խնդրած 5 միլիարդ ԱՄՆ դոլարը  ներքին անվտանգության նախարարության բյուջեում նախատեսված չէ:

Ավելի վաղ վարչակազմն  արդեն հայտնել էր, որ դեմ է այդ օրինագծերին եւ նախագահին խորհուրդ կտա... վետո դնել դրան: