Տարեսկզբից ընտանեկան նպաստների համակարգում կառավարության կատարած փոփոխությունները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել Գյումրիում հաշվառված քաղաքացիների շրջանում: Փոփոխությունները վերաբերում են մասնավորապես նպաստառու ընտանիքների հաշվառման վայրին:
Համաձայն նոր կարգի ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու համար, բնակչին տեղեկանք տրամադրվում է ըստ փաստացի հաշվառման վայրի: Տեղեկանքների տրամադրման գործառույթն էլ հանձնվել է անձնագրային բաժանմունքներին, ինչը նշանակում էր, որ նպաստառուի փաստացի բնակության վայրը պետք է համապատասխանի նրա անձնագրային նշումներին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վստահեցրել է, որ կատարված փոփոխությունները վերջապես թույլ կտան փաստագրել իրական նպաստառու ընտանիքներին, քանի որ մինչ այդ բազմաթիվ դժգոհություններ կային, թե նպաստ են ստանում այնպիսի ընտանիքներ, որոնք ենթակա չեն դասվելու նպաստառուների շարքին:
Գյումրի 2 սոցիալական ծառայության պետ Էդուարդ Բաղրամյանի խոսքով, «շատ ընտանիքներ զրկվել են նպաստ ստանալու իրավունքից: Օրինակ նախորդ տարվա համեմատ 35 տոկոսով պակասել է այս սոցիալական ծառայության նպաստառուների թիվը»:
78-ամյա Անժելա Մանուկյանն այսօր տեղեկացել է, որ ինքը եւս զրկվում է նպաստ ստանալու իրավունքից: Կինը միայնակ է բնակվում, իսկ երեխաները գտնվում են արտերկրում, անձնագրայինում պահանջել են տեղեկանք նրա երեխաների բնակության վայրից, ինչպես նաեւ երաշխավորագիր, սակայն Անժելա տատն ասում է, որ հարեւան երկրներում որդիները չունեն գրանցում, հետեւաբար չի կարող ներկայացնել այդ փաստաթղթերը:
Նշենք որ նոր փոփոխությունների համաձայն, փաստագրվող ընտանիքները տեղեկանքներ էին ներկայացնելու նաեւ անասնաբուժական ծառայությունից. Սակայն բազմաթիվ դիմում-բողոքներից հետո որոշվեց, որ անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնելու են միայն մասնավոր տների բնակիչները:


























