Քրդական կազմավորումներն ու Սիրիայում գտնվող թուրքական բանակն իրենց հույսը դնում են Ռուսաստանի վրա՝ տարածաշրջանից զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ որոշման արդյունքում առաջացած խնդիրները լուծելու համար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին:
Քրդական աղբյուրների համաձայն, նրանք արդեն դիմել են ռուսաստանյան կողմին՝ սիրիական կառավարության հետ գործարքի կնքման հարցում օգնության համար: Այսպիսով, քրդերը փորձում են կանխել թուրքական ուժերի կողմից հարձակումը․ նման սպառնալիք է առաջանալու ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում, նշվում է նյութում։
Այս ամենը վկայում է, որ Սիրիայում Ռուսաստանի դիրքորոշումն ամրագրվում է որպես «Սիրիայում գերիշխող խաղացողի», գրում է WP-ն:
Քրդական խոշորագույն առաջնորդներից մեկը, «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչ Սալեհ Մուսլիմը WP-ին հայտարարել է, որ Մոսկվան չի ստանձնել որեւէ պարտավորություն` աջակցելու քրդերի՝ Սիրիայի կառավարության հետ գործարք կնքելու ձգտմանը:
«Մենք մեր ճանապարհային քարտեզը փոխանցեցինք ռուսներին: Մենք պարզապես սպասում ենք որոշման», - ասել է քրդերի ներկայացուցիչը:
Մուսլիմի խոսքերով, քրդական առաջարկը ռուսական կողմին թույլ է տալիս սիրիական կառավարությանը վերականգնել 2012թ-ից քրդերի կողմից բռնագրավված ամբողջ տարածքների վրա ինքնիշխանությունը` քրդերին ինքնավարություն տրամադրելու դիմաց: Ռուսաստանը դեռեւս չի հայտարարել ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ քրդերին որեւէ օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, հավելել է թերթը:
Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Մոսկվա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը, գրում է WP-ին՝ մեջբերելով թուրքական կողմի խոսքերը:





























