Երեւանի Սիլիկյան, Չարբախ թաղամասերում բնակվող շուրջ մեկ տասնյակ բնակիչներ փետրվարի 23-ին հրավիրվել են Երեւանի քաղաքապետարան՝ ստանալու իրենց հողամասերի նկատմամբ իրավունքի ձեւակերպման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշումները։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս 1990-ական թվականներին Երեւան քաղաքի Սիլիկյան, Չարբախ թաղամասերի եւ նախկին Հաղթանակ գյուղի տարածքում հողատարածքներ են հատկացվել մոտ 1300 ընտանիքների:
Անցած ժամանակահատվածում ՀՀ կառավարության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն վերը նշված տարածքների քաղաքացիներից ընդունել է դիմումներ եւ կատարել պետական գրանցումներ:
2005 թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու եւ հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցի լուծում է տրվել միայն առանձին դեպքերում:
Հարցի կանոնակարգման համար, ըստ գործող օրենսդրության, անհրաժեշտ է Երեւանի քաղաքապետի որոշումը եւ հողամասերի գլխավոր հատակագիծը:
Աշխատանքները կազմակերպելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված համապատասխան հանձնաժողովի աշխատանքները համակարգում է քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը, ով այսօր բնակիչներին է հանձնել Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումները, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են ստանալ իրենց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք:
Նշենք, որ երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարան է դիմել մոտ 30 ընտանիք։ «Մնացյալ 20 ընտանիքների խնդրի լուծումը նույնպես ներկայումս ընթացքի մեջ է։ Առավելագույն արագ պետք է ավարտենք գործընթացը: Խնդիրն այն է, որ բոլոր բնակիչները չեն դիմել. սպասում ենք դիմումները լինեն, որ արձագանքենք ըստ դիմումների»,- նշել է Վահագն Առաքելյանը: Նա նաեւ հավելել է, որ գործընթացը շարունակական է եւ վստահեցրել, որ քաղաքապետարանն անում է հնարավորը բնակչության կողմից ստացված դիմումներին արագ եւ հիմնավոր պատասխանելու ուղղությամբ։ Դիմումների մերժման դեպքում քաղաքացիներին ներկայացվում է մերժման պատճառը՝ համակողմանի հիմնավորված եւ պարզաբանված պատասխանով:
Հանձնաժողովի տվյալներով՝ լուծման կարիք ունի մի քանի հարյուր ընտանիքների խնդիր։
Հաղթանակ գյուղում հողհատկացումների օրինականությունը հանձնաժողովը կուսումնասիրի առանձին եւ համապատասխան առաջարկություն կներկայացնի 3 ամսվա ընթացքում:



























