Կառավարությունում փետրվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որն օրակարգի հարցերի շարքում ՀՀԱՎԶՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հիմնադրամի 2010թ. գործունեության հաշվետվությունը։ Նա անդրադարձել է 2010թ. ընթացքում անտառների վերականգնման եւ զարգացման ծրագրերի մշակման ու դրանց իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Խորհրդի անդամներին է ներկայացվել նաեւ հիմնադրամի 2010թ. ֆինանսական հաշվետվությունը ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման եւ դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները:

Անդրադառնալով հիմնադրամի 2011թ. անելիքներին` Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է Երեւանի Էրեբունու անտառտնտեսության 51 հա տարածքում ոռոգման համակարգի ստեղծման եւ անտառապատման աշխատանքների ծրագրերի մասին, որոնք հավանության են արժանացել խորհրդի անդամների կողմից: Նշված ծրագրերի շրջանակում առաջին փուլով նախատեսվում է հիմնել 20 հա անտառտարածք` իր ցանկապատով, երկրորդ փուլում` 2012թ., անտառապատել մնացած 31 հա տարածքը: