ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿԴԿ) կոալիցիան, որի անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների ավելի քան 240 ՀԿ-ներ, ողջունում են Հոսնի Մուբարաքի եւ նրա ընտանիքի արտասահմանյան ակտիվները սառեցնելու խնդրանքով դիմելու Եգիպտոսի գլխավոր դատախազի կողմից այսօր ընդունած որոշումը:

Նշենք, որ այդ կոալիցիայի անդամ են նաեւ Մարդու իրավունքների աֆրոեգիպտական կազմակերպությունը եւ «ՆԱԴԱՖԱ - Եգիպտացիներն ընդդեմ կոռուպցիայի» կազմակերպությունը:

«Այս որոշումը կարեւոր քայլ է: Այն հնարավորություն կտա իրականացնելու Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա ընտանիքի` ենթադրաբար արտասահման տեղափոխված հարստության վերաբերյալ համապարփակ հետաքննություն»,- նշեց տիկին Մոդ Պեդրիե-Վեզիեն, ֆրանսիական «Շերպա» կազմակերպության նախագահը` ելույթ ունենալով ՄԱԿԴԿ կոալիցիայի անունից:

Այսօր Եգիպտոսի իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք լսել են ժողովրդի ձայնը, որը կոչ է անում պետական պաշտոնյաներին լինել թափանցիկ եւ հաշվետու: Այս որոշումը ցույց է տալիս, որ ոչ ոք օրենքից բարձր չէ: «Մենք ողջունում ենք այս որոշումը: Եթե այդ միջոցները անօրինական ճանապարհով դուրս են հանվել երկրից, ապա այժմ դրանք կարելի է սառեցնել եւ վերադարձնել Եգիպտոսի ժողովրդին»,- նշել է ՄԱԿԴԿ կոալիցիայի քարտուղար տիկին Ջիլիան Դելը, որը ներկայացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռւպցիոն կազմակերպությունը:

ՄԱԿԴԿ կոալիցիան կոչ է անում բոլոր երկրներին ակտիվ կերպով համագործակցել եգիպտական իշխանությունների հետ` սառեցնելով բոլոր այն միջոցները որոնք անօրինական կերպով դուրս են բերվել երկրից, եւ ապահովելով դրանց վերադարձը Եգիպտոսին:

Եգիպտոսից անօրինական կերպով դուրս բերված ակտիվների վերադարձը կապահովի զարգացման համար այդքան անհրաժեշտ միջոցներ մի երկրի, որի բնակչության 40 տոկոսի օրական եկամուտը 2 ԱՄՆ դոլարից էլ պակաս է:

Նշենք, որ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի առավել ընդգրկուն գլոբալ իրավական գործիքն է: Այն վավերացվել է աշխարհի ավելի քան 148 երկրների, ներառյալ Հայաստանի, կողմից եւ իր մեջ ներառում է կոռուպցիան կանխարգելելուն, բացահայտելուն, հետաքննելուն եւ պատժելուն ուղղված չափանւիշներ եւ պահանջներ: