Սկանդալային հրապարակումներով հայտնի WikiLeaks ինտերնետ կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը այսօր՝ փետրվարի 24-ին գրավի դիմաց ազատ է արձակվել՝ նախկին պայմաններով:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում դատարանն այսօր որոշում է կայացրել Ասանջին հանձնել Շվեդիային, որտեղ նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործության մեջ: Սկանդալային կայքի ստեղծողն այդ մեղադրանքները չի ընդունում: Նրա դատապաշտպանները սկսված գործը համարում են քաղաքական դրդապատճառներ ունեցող: Պաշտպանների վարկածով, շվեդական իշխանությունները գործում են ԱՄՆ իշխանությունների հրահանգով, որը մտադիր է WikiLeaks-ի հիմնադրին պատժել ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:

ԱՄՆ-ում պետական գաղտնիք հրապարակելու համար Ասանջին մահապատիժ է սպառնում: Շվեդիան հերքում է, որ իր գործողությունները կապված են ԱՄՆ կողմից որեւէ ճնշմամբ:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանջը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, երբ WikiLeaks կայքը ԱՄՆ պետդեպարտամենտի հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակեց, որոնք վերաբերում են Աֆղանստանում եւ Իրաքում տեղի ունեցած դեպքերին:

Ասանջը ձերբակալվել է Լոնդոնում 2010-ի դեկտեմբերի 7-ին՝ Շվեդիայի դատախազության հարցումով: Դեկտեմբերի 16-ին Լոնդոնի դատարանի որոշմամբ, նա  գրավով ազատ է արձակվել: Այդ օրվանից Ասանջը տնային կալանքի տակ է: Նա ապրում է Լոնդոնից դուրս, իր ընկերոջ՝ Վոն Սմիթի տանը: Այս ընթացքում նա հասցրել է բազմաթիվ հարցազրույցներ տալ: