ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում դաշնային կառվարության աշխատանքի հերթական դադարեցումը, եթե Կոնգրեսը 3 շաբաթ հետո չհատկացնի Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ միջոցները: Կիրակի այս մասին նա ասել է The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում:

Թրամփն ուրբաթ օրինագիծ է ստորագրել մինչեւ փետրվարի 15-ը կառավարության աշխատանքի վերականգնման համար դրամական միջոցների հատկացման մասին, որի գործունեությունը դադարեցվել էր երկրի համար ռեկորդային 35 օրով:

Ի պատասխան պարբերականի այն հարցին, թե չի՞ բացառում արդյոք կառավարության հերթական «շաթդաունը», Թրամփը նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը «որոշակիորեն տարբերակներից մեկն է»: Նա նաեւ կասկած է հայտնել, որ արդյունքում Կոնգրեսը կկարողանա պատնեշի շինարարության համար միջոցների հատկացման վերաբերյալ այնպիսի կենսունակ գործարք առաջարկել, որն ինքը կկարողանար ընդունել:

Կընդունի՞ ինքը համաձայնագիրը, որը չի ներառի սահմանին պատի կառուցման համար 5,7 մլրդ դոլարի հատկացումը՝ հարցին պատասխանելիս Թրամփն ասել է. «Ես կասկածում եմ: Ես դա պետք է անեմ այնպես, ինչպես հարկ է»: Նա ժխտել է հնարավորությունը, որ դեմոկրատներին զիջումների կգնա եւ կհամաձայնվի սահմանային պատնեշի հատկացումների մերժմանը, եթե օրենսդիրները փոխարենը առաջարկեն օրինագիծ ընդունել, որով քաղաքացիություն կտրվի այն ապօրինի ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ տարածքում են հայտնվել մանկության տարիներից: «Սա առանձին հարց է եւ պետք է առանձին քննարկվի»,- շեշտել է Թրամփը:

Բյուջետային միջոցների բացակայության պատճառով ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը («շաթդաունը») շարունակվել է դեկտեմբերի 22-ից մինչեւ անցած ուրբաթ: Այս ամբողջ ընթացքում առանց ֆինանսավորման էր մնացել կառավարության մոտ քառորդ մասը, մասնավորապես՝ Պետքարտուղարությունը, ֆիննախը, առեւտրի եւ ներքին անվտանգության նախարարությունները: