ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։
Գործով դատախազները ժամանակ խնդրեցին դատարանից՝ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին ծանոթանալու համար։ Բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 31–ին։
Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը համապատասխան փաստաթուղթ է ներկայացրել, ինչը հաստատում է, որ գործը դատարանի տվյալ կազմին է մակագրվել էլեկտրոնային եղանակով։
Ալումյանն ասաց, որ այսօր դատարանում պաշտպաններից Արամ Օրբելյանը հրապարակել է դեռեւս հունվարի 18–ին ներկայացված վերաքննիչ բողոքը։
Նա նշեց, որ բողոքում անդրադարձել են առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա թերություններին։
«Դատարանն իր որոշման մեջ մեր ոչ մի փաստարկին չի անդրադարձել, այդ փաստարկներից որեւէ մեկը չի փորձել հերքել»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հունվարի 18–ին բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ եւ մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել է 2018թ. հուլիսի 27–ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։ Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերանքնիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում են նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը։




























