Վաշինգթոնում դաշնային դատարանը Դոնալդ Թրամփի վաղեմի դաշնակից Ռոջեր Սթոունին յոթ կետով պաշտոնական մեղադրանք է ներկայացրել՝ կապված 2016թ ընտրություններում Թրամփի մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին հաքերների կողմից գողացված էլեկտրոնային նամակները հրապարակելու հետ՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
66-ամյա Սթոունը, ում անցյալ շաբաթ ձերբակալել էին Ֆլորիդայի իր տանը ՀԴԲ-ի կողմից անցկացված խուզարկությունից հետո, իրեն մեղավոր չի ճանաչել WikiLeaks-ին նամակները փոխանցելու մասին Կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու, ինչպես նաեւ վկաներին մանիպուլյացիայի ենթարկելու եւ Թրամփի նախընտրական շտաբի եւ Ռուսաստանի հնարավոր կապի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։
Ի տարբերություն ԱՄՆ-ում քրեական գործերով մեղադրվողների մեծամասնության՝ Սթոունն իր ձերբակալությունից հետո մի շարք հրապարակային հայտարարություններ է արել՝ պնդելով, որ ինքն անմեղ է եւ մեղադրելով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին, ով իր դեմ մեղադրանքներ է ներկայացրել։
Մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ ինչ-որ պահի Թրամփի նախընտրական շտաբի բարձրաստիճան անդամին «հանձնարարվել է Քլինթոնի մասին տեղեկատվության հետագա տարածման համար կապվել Սթոունի հետ»։ Ընդ որում, չի հստակեցվում, թե ումից է եղել կարգադրությունը։





























