Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 25-ին Աշտարակ բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն ստացած ահազանգի փաստով:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այդ օրը, ժամը 15:30-ին հաղորդվել էր, որ «դեմքի, զույգ վերին վերջույթների, կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ ազդրի առաջնային մակերեսի թերմիկ այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորը 37-ամյա Ա. Կ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքը ստացել է բակում. անվադող այրելիս՝ գլխապտույտ է ունեցել եւ ընկել այրվող անիվի վրա:

Սակայն ոստիկանները պարզել են, որ իրականում այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում նա գողություն կատարելու նպատակով Աշտարակ քաղաքի վերջնամասում գտնվող ՀՀ ՊՆ զորամաս տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինությունից պտոտուկահանի միջոցով տեղահան անելով՝ այնտեղից դուրս է բերել մետաղական արկղ՝ իր մալուխներով, ապա գունավոր մետաղներ գողանալու նպատակով մուտք է գործել նույն շինության ներսում տեղադրված էլեկտրաենթակայան եւ, չիմանալով, որ այնտեղ բարձր լարման հոսանք կա, կպել է շինային, ինչի հետեւանքով էլ այրվել է ու ստացել նշված վնասվածքները:

Աղբյուրի տեղեկություններով Ա. Կ.-ն հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Համբարձումյանի մոտ տվել է խոստովանական բացատրութուն: