Կոտայքի մարզային վարչության եւ Աբովյանի բաժնի պետերի պաշտոններից ազատումը պայմանավորված է նաեւ «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով: Այս մասին Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Երեկ տեղեկացրել ենք, որ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Աբովյանի բաժնի պետերը:
Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, ինքնանպատակ չեն եւ արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաեւ օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, եւ, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել:
Ոստիկանությունը հետեւողական է բոլոր միջոցներով, այդ թվում եւ կադրային արդյունավետ քաղաքականության միջոցով ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները՝ հանրային վտանգ ներկայացնող միջադեպերը բացառելու համար»:





























