Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է իրանական Mahan Air ավիաընկերությանն առնչվող հայկական ընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցների ընտրովի բնույթի մասին։ Ընկերությունների թվում, որոնց վրա տարածվել են ԱՄՆ պատժամիջոցները, հայտնվել են ընկերություններ Հայաստանից, Թայլանդից եւ Մալայզիայից՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան, չգիտես ինչու, խուսափել են պատժամիջոցներից։

Ամբարյանը մի հատված է մեջբերում The Hill-ում ամերիկյան լրագրող Էմանուել Օտլենգիի հրատարակված հոդվածից, որը հիմնավորում է Mahan Air-ի հետ կապված ցանկացած կազմակերպության դեմ համակողմանի պատժամիջոցների անհրաժեշտությունը։

«Թեեւ հեղինակը, կարծես, հանդես է գալիս այդպիսի պատժամիջոցների հետեւողական սահմանման օգտին, փաստերը ցույց են տալիս, որ բոլորովին այլ բան է տեղի ունենում»,- Facebook-ի իր էջում գրում է Համբարյանը։

«Օտլենգիի սեփական հետազոտությունը բացահայտել է Թուրքիայում առնվազն 67 ընկերություններ, այդ թվում՝ 8 բեռնատար, զբոսաշրջային, որոնք ծառայություններ են մատուցել Mahan Air-ին։

ԱՄՆ գանձապետարանը թվարկում է 41 միջազգային նշանակակետ Mahan Air-ի չվերթների համար, այդ թվում՝ 1-ը՝ Ադրբեջանում, 5-ը՝ Թուրքիայում։

Mahan Air-ի կայքում թվարկված են 26 մասնաճյուղեր կամ վաճառքի գրասենյակներ, որոնց թվում Airport Cargo GSA թուրքական ընկերությունը, որը երեք վաճառքի գրասենյակ ունի (Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում):

Այսօրվա դրությամբ հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Mahan Air-ի հետ աշխատող երեք ընկերությունների դեմ՝ Մալայզիայում,Թայլանդում եւ Հայաստանում՝ առանց պաշտոնապես բացատրելու դրանց ընտրովի բնույթը։

Մինչ այժմ Թուրքիան ու Ադրբեջանը ազատված են Mahan Air-ի հետ կապված պատժամիջոցներից։ Երկու երկրներն էլ բավական մեծ մասշտաբով օգտվում են Իրանի հետ կոմերցիոն ընդլայնված կապերի ազատությունից։ Առանձնացվում են երկու վառ օրինակներ՝

- ԱՄՆ կառավարությունը Թուրքիային ազատել է միլիարդավոր դոլարների իրանական հում նավթի արտահանման համար պատժամիջոցներից։

- ԱՄՆ կառավարությունը Բաքվին ազատել է Ադրբեջանում գազի Շահ-Դենիզ հանքավայրում Իրանի նավթային ազգային ընկերության բազմամիլիարդանոց մասնաբաժնի (10 տոկոս) համար պատժամիջոցներից։

Այս փաստերը լուրջ հարցեր են առաջացնում՝ կապված պատժամիջոցների ընտրովի սահմանման հետ»,- կարծում է Ամբարյանը։