ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական առճակատման դադարեցման առումով: Նա այս մասին հայտարարել է Սպիտակ տանը Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ բանակցությունների հաջող ավարտի դեպքում ԱՄՆ-ն եւ Չինաստանը կարող են կնքել «պատմության մեջ մեծագույն համաձայնագիրը»: Թրամփը նշել է, որ բանակցություններն առայժմ «շատ լավ» են ընթանում:

Թարգմանիչն ընթերցել է Թրամփին ուղղված Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նամակը, որում նշված է, որ երկու տնտեսական գերտերությունների հարաբերությունները հիմա գտնվում են «չափազանց կարեւոր փուլում»: «Հույս ունեմ, որ 2 կողմերը կշարունակեն  գործել փոխհարգանքի ոգով: Համաձայնագրի կնքումը մեր 2 ազգերի եւ ամբողջ համաշխարհային հանրության համար կդառնա դրական ազդանշան»,- նշված է Սի Ցզինպինի նամակում:

Սի Ցզինպինը նաեւ հայտնել է այն միջոցառումների մասին, որոնք Չինաստանի իշխանությունները գյուղատնտեսության ոլորտում ընդունել են  ԱՄՆ եւ Չինաստանի առաջնորդների վերջին հեռախոսազրույցից հետո:

Թրամփը Սի Ցզինպինի նամակը «հոյակապ» է անվանել եւ իր շնորհակալությունը հայտնել Չինաստանի նախագահին:

Ճեպազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ չինական կողմը ամերիկյան ընկերություններին հասանելիություն է ապահովել ֆինանասական շուկաներին: Ընդ որում՝ նազգուշացրել է, որ «գործարք չի լինի, եթե Չինաստանը հասանելիություն չտա ամերիկյան գյուղատնտեսական եւ արդյունաբերական ընկերություններին»:

Նա հայտնել է, որ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են նաեւ մտավոր սեփականության գողության եւ Չինաստանից ԱՄՆ ֆենտանիլի (հզոր սինթետիկ ափիոնային) մաքսանենգության հարցերը: