ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տարաձայնություններ չունի հետախուզական հանրույթի հետ, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Թրամփը հանդիպել է Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի, ԿՀՎ տնօրեն Ջինա Հասփելի եւ հատուկ ծառայությունների այլ ղեկավարների հետ։ Ինչպես խորհրդակցությունից հետո հայտարարել է Թրամփը, հատուկ ծառայությունների ղեկավարներն իրեն ասել են, որ իրենց ներկայացրածը Սենատի լսումների ընթացքում մամուլի կողմից «խեղաթյուրված» է ներկայացվել։
Դեն Քոութսը, Ջինա Հասփելը եւ հետախուզության մի շարք այլ ղեկավարներ Սենատում հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան չի պատրաստվում վերացնել իր միջուկային զինանոցը եւ որ Իրանի հետ «միջուկային գործարքը» շահավետ է ԱՄՆ-ի համար՝ ի հեճուկս նախագահ Թրամփի հայտարարությունների։
Հատուկ ծառայությունների ղեկավարներն «ասել են, որ իրենց ասածները միանգամայն սխալ են մեկնաբանվել եւ... կտրված են համատեքստից։ Նրանք ասել են, որ դրանք ֆեյքային նորություններ էին»,- հայտարարել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը։
Թրամփը Թվիթերում գրել է, որ համաձայն է Իրանի, «Իսլամական պետության» եւ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հատուկ ծառայությունների գնահատականներին եւ որ ինքը գնահատում է հետախույզների աշխատանքը։ «Բարեբախտաբար, մենք շատ լավ հանդիպում ունեցանք, եւ մեր հայացքները համընկնում են»,- գրել է նախագահը։
Մեկ օր առաջ Դոնալդ Թրամփը Թվիթերում քննադատել էր հատուկ ծառայությունների ղեկավարների հայտարարությունները։ Նա ասել էր, որ հետախուզության ղեկավարության եզրահանգումները խորապես սխալ են, եւ անգամ առաջարկել էր հատուկ ծառայությունների ղեկավարներին «վերադառնալ դպրոց»։
«Ես համաձայն չեմ նրանց ասած որոշ բաների հետ։ Ես կարծում եմ, որ իրավացի եմ, բայց ժամանակը ցույց կտա. հավանաբար, ժամանակը կապացուցի իմ ճշմարտացիությունը»,- գրել է նախագահ Թրամփը։ Նա հավելել է, որ «Իրանը սպառնալիք է մնում» եւ որ «Իրանի հետ հիմար միջուկային գործարքը հարկավոր է վերջացնել»։ Թրամփը միջուկային գործարքն անվանել է «ահավոր» եւ շահավետ լոկ Իրանի համար։ «Ես խորապես հարգում եմ շատ մարդկանց (հատուկ ծառայություններում), բայց միշտ չէ, որ համաձայն եմ բոլորի հետ»,- ասել է նախագահը։



























