Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը Փհենյանին կոչ է արել մանրամասն հաշվետվություն ներկայացնել իր զենքի մասին՝ հաշտության համաձայնագիր կնքելու համար։

Նրա խոսքով՝ վարչակազմը պատրաստ է չնախատեսված հանգամանքների, եթե բանակցությունները ձախողվեն։ Բիգունը ապագայի լավատեսական պատկեր է ուրվագծել՝ չնայած անցյալի բազմակի անհաջողություններին՝ հայտարարելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը «չի կաշկանդված իր նախորդների ենթադրություններով»,- տեղեկացնում է AFP-ն։

Բիգունն ասել է, որ Միացյալ Նահանգները կխնդրի Հյուսիսային Կորեային բանակցություններ վարել միջուկային զենքից Փհենյանի հրաժարվելու վերահսկման շուրջ։

«Մինչ միջուկազերծման գործընթացը վերջնական դառնալը՝ մենք պետք է լիակատար պատկերացում ունենանք հյուսիսկորեական ԶՈԶ եւ հրթիռային ծրագրերի լրիվ ծավալի մասին՝ համապարփակ հռչակագրի միջոցով»,- ասել է Բիգունը։

«Մենք չենք պատրաստվում ներխուժել Հյուսիսային Կորեա։ Մենք չենք փորձում տապալել ռեժիմը»,- ասել է նա։ Ընդ որում՝ նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Հարավային Կորեայից դուրս բերել 25 հազ. 500 ամերիկյան զինծառայողներին։

«Մենք պետք է համաձայնության գանք առանցքային օբյեկտների փորձագիտական հասանելիության եւ մոնիթորինգի մեխանիզմների շուրջ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան, եւ վերջնարդյունքում ապահովենք զենքի, հրթիռների, զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների ոչնչացումը»,- ասել է նա։

Բիգունը նշել է, որ Թրամփը պատրաստ է օգնել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընին «լուսավոր տնտեսական ապագայի» կերտման գործում։ «Մենք ասում ենք, որ պատժամիջոցներ չենք կիրառի այնքան ժամանակ, քանի դեռ միջուկազերծումը չի ավարտվել։ Դա ճիշտ է»,- ասել է նա։