ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրում է Սպիտակ տանն իր աշխատանքը, սակայն մեկ բացառությամբ:

«Ես մեծ գումարներ եմ կորցրել՝ կատարելով այս աշխատանքը», - The New York Times- ին տված հարցազրույցում ասել է Թրամփը` նշելով, որ հանուն փողի չի զբաղվում այդ գործով եւ նախագահության ֆինանսական հեռանկարները անվանել է «բոլոր ժամանակների մեծ կորուստներից մեկը»:

«Ես չգիտեմ՝ արժե արդյոք, որ ես զբաղվեմ սրանով, բայց ես սիրում եմ անել այդ», - ասել է նա:

Թրամփը անդրադարձել է նաեւ որոշ ուսումնասիրություններին, որոնք կապված են նրա ընկերությունների շահերի բախման հետ, մասնավորապես հյուրանոցների, որոնք պատկանում են նրա կոնցեռնին: Նրա նախագահության ժամանակ միջազգային առաջնորդները եւ լոբբիստները հաճախ են կանգ առել այդ հյուրանոցներում՝ կասկած հարուցելով, որ դա, հնարավոր է, արել են Թրամփի բարեհաճությանն արժանանալու համար:

«Գիտեք, բարեբախտաբար, ինձ այդ փողերը պետք չեն»,  - ասել է Թրամփը:

«Բայց նրանք կասեն, որ ինչ-որ երկրից ինչ-որ մեկը կանգ է առել այդ հյուրանոցում: Սակայն ես կորցնում եմ (փող), ես նկատի ունեմ, որ թվերն անհավանական են»:

Թրամփը չի մանրամասնել, թե որքան են նրա ընկերությունները աշխատել կամ կորցրել այն բանից հետո, երբ նա տեղափոխվել է Սպիտակ տուն: Բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ նրա բիզնեսի մի մասը գումարներ է կորցրել այն պահից, երբ նա ստանձնել է այդ պաշտոնը:

Անշարժ գույքի նախկին մագնատի հիմնական եկամուտն այժմ տարեկան 400 հազար դոլար է կազմում (նախագահի աշխատավարձը), որը նա նվիրաբերում է տարբեր կազմակերպություններին:

Թրամփը՝ որպես նախագահ, զգալիորեն ավելի քիչ է վաստակում, քան NBC-ի «Աշակերտ» ռեալիթի շոուի աստղ Թրամփը: Yahoo Finance-ի համաձայն՝ շոուի ֆինանասական փաստաթղթերը ցույց են տվել, որ 2005 թվականին նա ավելի քան 30 մնլ դոլար է աշխատել, իսկ 2004-ից մինչեւ 2007 թվականը՝ 65 մլն դոլար: