ԱՄՆ-ը պատրաստ է սպառազինությունների վերահսկման ոլորտի հետ կապված բանակցություններ վարել Ոուսաստանի հետ, միայն թե փոխադարձ պարտավորությունների կատարման հանդեպ պատասխանատու մոտեցման հիման վրա։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգները նախկինի պես կողմնակից են սպառազինությունների հանդեպ արդյունավետ վերահսկողությանը, որը բարձրացնում է ԱՄՆ-ի, դաշնակիցների եւ գործընկերների անվտանգությունը»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ից սկսում է ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալու գործընթացը։ Մայք Պոմպեոն ընդգծել է, որ եթե Ռուսաստանը վեցամսյա ժամկետի ընթացքում չվերադառնա պայմանագրի լիարժեք կատարմանը, այն չեղյալ կհամարվի։

Թրամփը կրկին Ռուսաստանից պահանջել է ոչնչացնել բոլոր հրթիռները եւ դրանց հետ կապված սարքավորումները, որոնք խախտում են պայմանագիրը։ Խոսքը 9М729 հրթիռի մասին է, որի հեռահարությունը, ըստ ամերիկյան կողմի, խախտում է պայմանագրի դրույթները։

Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարել է ՄՓՀՀՊ-ից իր դուրս գալու մասին։