ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատաժամանակը երեք ամսվա ընթացքում՝ սկսած 2018թ. նոյեմբերի միջանկյալ ընտրություններից, հրապարակվել է Axios ինտերնետ պարբերականում։
Նոյեմբերի սկզբից Թրամփը առավոտյան ժամը 8-11-ը 297 ժամ է անցկացրել չստրուկտուրավորված գրաֆիկով։ Դա կազմում է Թրամփի երեք ամսվա աշխատանքային ժամանակի մոտ 60%-ը։
«Կատարողական ժամանակ» սյունակին մշտապես հատկացվել է մի քանի ժամ։ Ըստ կարգացուցակի՝ այդ ժամանակահատվածում Թրամփը պետք է գտնվի Օվալաձեւ կաբինետում։ Բայց պարբերականի վեց աղբյուրների խոսքի համաձայն՝ ԱՄՆ նախագահն օրվա այդ ժամերին չի գտնվում Օվալաձեւ կաբինետում։ Սովորաբար Թրամփն արթնանում է առավոտյան ժամը վեցից շուտ։
Դրա փոխարեն ԱՄՆ նախագահը առավոտն անցկացնում է սեփական նստավայրում, հեռուստացույց է նայում, թերթ կարդում եւ զանգահարում օգնականներին, կոնգրեսի անդամներին, ընկերներին, աշխատակազմի պաշտոնատար անձանց եւ խորհրդականներին՝ նորությունները քննարկելու համար։
Դրանից հետո Թրամփի առաջին հանդիպումներից մեկը հետախուզության ճեպազրույցն է կամ 30 րոպեանոց հանդիպումը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի հետ։ Դրանք սովորաբար սկսվում են մոտ 11-ին կամ 11.30-ին, ասվում է հրապարակման մեջ, տեղեկացնում է Gazeta-ն։



























