Ինքնաթիռը, որով թռչում էր Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, վատ եղանակի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Ռիգայում, որտեղ երկուշաբթի պիտի մասնակցեր Բալթյան երկրների վարչապետերի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նա վերադարձել է Տալլին, տեղեկացրել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի եւ նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը վատ եղանակի պատճառով չի կարողացել իջնել Ռիգայում եւ վերադարձել է Տալլին։ Ռատասը Ռիգա էր թռչում ոստիկանության եւ սահմանապահների դեպարտամենտի ինքնաթիռով»,- ասվում է հաղորդման մեջ։

Երկուշաբթի Լատվիայի մայրաքաղաքում նշանակված է նախարարների Բալթյան խորհրդի նիստ՝ Լատվիայի նոր վարչապետ Կրիշյանիս Կարինշի նախագահությամբ։ Նախատեսվում է քննարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, ներքին շուկայի ապագայի եւ Եվրամիության երկարաժամկետ բյուջեի հարցերը, իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաեւ տրանսատլանտյան հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ Ռատասին կփոխարինի Լատվիայում Էստոնիայի դեսպան Արտի Հիլպուսը։