Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի մոտ որպես բուժքույր աշխատող ուկրաինուհի Գալինա Կոլոտնիցկայան նախատեսում է տուն վերադառնալ։
Այս մասին հայտարարել է նրա դուստրը՝ ուսանողուհի Տատյանա Կոլոտնիցկայան, ով ապրում է Կիեւի մոտակայքում, հայտնում է «ՈՒԿՐԻՆՖՈՐՄ»-ը։
«Մայրիկը կապվել է ինձ հետ եւ պատմել, որ Տրիպոլիում կրակոցներ են, ծեծկռտուքներ։ Հանգիստ ձայնով էր խոսում, խնդրում էր չհուզվել եւ ասում էր, որ շուտով տանը կլինի»,- ասել է Կոլոտնիցկայայի աղջիկը։
Նա նշել է, որ չգիտի՝ մայրն այժմ Քադաֆիի մո՞տ է, թե՝ ոչ։
Բուժքրոջ դստեր խոսքով, իր մայրը Լիբիա գնացել է 9 տարի առաջ։ Սկզբում աշխատել է հոսպիտալում, հետո՝ Քադաֆիի մոտ։ «Նրա մոտ ուկրաինացի ուրիշ բուժքույրեր էլ են աշխատում։ Մայրիկը նրանցից մեկն է»,- ավելացրել է Տատյանան։





























