Սալվադորում դատարանը դիմել է Ինտերպոլ՝ խնդրելով «կարմիր թերթիկում» (ձերբակալության միջազգային օրդեր) ներառել երկրի նախկին նախագահ Մաուրիսիո Ֆունեսին, որը մեղադրվում է դրամական միջոցների հափշտակման եւ լվացման մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Elsalvador.com պորտալին։

Նշվում է, որ, բացի նախկին նախագահից, դատարանը խնդրել է այդ ցանկում ներառել էլի մի քանի հոգու, որոնք մեղադրվում են կոռուպցիայի մեջ։

2018թ. հունիսին Սալվադորի գլխավոր դատախազությունը Ֆունեսին կալանելու իրավունք է տվել։ Գերատեսչության տվյալներով՝ նրա նախագահության հինգ տարվա ընթացքում կոռուպցիոն գործողությունների արդյունքում հափշտակվել է ավելի քան 350 միլիոն դոլար, որոնք հայտնվել են այս կամ այն կերպ նախկին նախագահի հետ կապված հաշվեհամարներում։

2017թ. վերջին Ֆունեսը եւ նրա որդին՝ Դիեգոն, մեղավոր են ճանաչվել ապօրինի հարստացման մեջ։ Ֆունեսը 2016թ. սեպտեմբերին ապաստան է ստացել Նիկարագուայում։ Նույն թվականի փետրվարին Սալվադորի գերագույն դատարանը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել քաղաքացիական գործ հարուցել Ֆունեսի դեմ՝ ապօրինի հարստացման կասկածանքով։ Ֆունեսը Սալվադորի նախագահն է եղել 2009-2014թթ.։