Փետրվարի 4-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղեւոնդյանի հանդիպումը Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի նորանշանակ նախագահ Անատոլի Սիվակի (Анатолий Сивак) հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց ապակենտրոնացված համագործակցության դերը հայ-բելառուսական միջպետական փոխգործակցության գործընթացի առաջխաղացման եւ հարստացման հարցում։

Այդ համատեքստում ընդգծվեց, որ Երեւանի եւ Մինսկի միջեւ ձեւավորված փոխգործակցությունը, վերջինիս դրական փորձն ու պահանջված մեծ ներուժն արդիականացրել են այդ համագործակցությունն ավելի բարձր ինստիտուցիոնալ մակարդակում շարունակելու հարցը։

Դեսպան Ղեւոնդյանն ու քաղաքապետ Սիվակը քննարկեցին երկու մայրաքաղաքների ղեկավարության մակարդակով փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում նաեւ դիտարկվեցին մի շարք նախագծեր, որոնց իրականացումը կնպաստի Մինսկի մշակութային եւ համայնական կյանքի զարգացմանը։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Քաղգործկոմի նախագահի տեղակալ Ալեքսանդր Կրեպակը (Александр Крепак) եւ այլ պաշտոնատար անձինք: