Հռոմում հաստատել են քաղաքի նոր կանոնադրությունը, որում ներկայացված են հասարակական կարգի խախտման դեպքերը՝ հայտնում է Turizm-ը։ Վարքագծի կանոնների ցուցակում մնացել են նախկին ընդունվածները, որոնց թվում են շատրվանների ավազաններում լողալը եւ նույնիսկ այնտեղ մտնելը, մայթերին պառկելն ու նստելը։ Այսպիսի խախտումների համար տուգանքները կարող են հասնել 900 եվրոյի։ Հռոմում կշարունակի գործել գիշերային ժամերին փողոցներում ալկոհոլի օգտագործման արգելքը։ Հավերժ քաղաքում 23:00-ից մինչեւ 07:00-ն արգելվում է ալկոհոլ օգտագործել։

Քաղաքի պատմական կենտրոնի հանրահայտ շրջաններում ժամը 22։00-ից կսկսի գործել սպիրտային խմիչքների վաճառքի արգելքը։ Այդ ժամից սկսած՝ ոստիկանները կտուգանեն բոլոր նրանց, ովքեր փողոցներում ապակյա շշերով ցանկացած ըմպելիք խմեն։ Իսկ 02։00-ից ալկոհոլ չի կարելի խմել նույնիսկ ռեստորաններում եւ բարերում։ Ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում արգելվում է շուրջօրյա։ Կանոնակարգի մյուս կետերի թվում են՝ պատմական վայրերում ուտելն ու խմելը, ավտոբուսով հեծանիվների, սքութերների եւ սքեյբորդների տեղափոխումը։ Բացառություն կկազմեն միայն սահմանափակ հնարավորություններով մարդիկ։ Ինչպես նաեւ՝ չի կարելի փորփրել աղբամանները եւ առանց հարգելի պատճառի կանգ առնել այն վայրերում, որոնք նախատեսված են աղբի հավաքման համար։