Վերջին 2 տարում Գյումրիում պետական բուհերի ուսանողների թիվը նվազել է: Ամենախոցելի վիճակում Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի վիճակն է, որն նախորդ տարի վճարովի բաժնում ընդունվող ուսանող գրեթե չի ունեցել: Բուհը գոյատեւում է պետական միջոցների հաշվին: Անցած տարի մի քանի բաժին փակվել է`ուսանող չլինելու պատճառով, 9 դասախոս էլ աշխատանքից դուրս է մնացել:

Գյումրիի Մանկավարժական համալսարանից դուրս է մնացել 5 դասախոս: «Հաջորդ տարի էլ հազիվ հնարավոր լինի խուսափել կրճատումներից, բուհի բյուջեն ճեղքվածք կտա»,- ասում է մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:

Անցած 2 տարում մանկավարժականում 750 ուսանող պակաս է ընդունվել , մի քանի բաժիններ փակվել են: «Այս տարի հազիվ 300 դիմորդ ունենանք, այսինքն հազարով պակաս: Եթե միջինը 200 հազար դրամով հաշվենք , մենք 300 միլիոն դրամ կորցնում ենք, այն պարագայում, որ մեկ ամսվա աշխատավարձը 33 միլիոն դրամ է, 10 ամսվա աշխատավարձ կորցնում ենք»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:

Երեվանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանի բնորոշմամբ` ուսանողի  «կրիզիս» կա  արդեն 2 տարի: «Ասում են կիրառեք ձագարի մեթոդ, այսինքն հնարավորություն տանք բոլորին բուհ մտնել, բայց դա ազդում է մակարդակի վրա»,- ասել է նա»:

Նշենք որ ուսանողի խիստ պակաս պետական բուհերը կունենան հաջորդ տարի , երբ շրջանավարտ չլինելու պատճառով դիմորդներ չեն լինի: