Ուղիղ երեք տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Այսօր այդ կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է կազմակերպում:

2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:

Մարտի մեկի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը:

Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Ներկայումս քաղբանտարկյալների թիվը 8 է, որոնց թվում են ԱԺ նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ: