Հայաստանի խորհրդարանն իր նիստը սկսել է` մեկ րոպե լռությամբ հարգելով 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը: «Երեք տարի առաջ Հայաստանում ողբերգական իրադարձություններ են եղել, եւ ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այդ իրադարձությունների զոհերի հիշատակը»,- խորհրդարանի ամբիոնից առաջարկել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ հայկական ընդդիմությունը չի ճանաչել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր է կազմակերպել Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող քնած ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:

Մարտի մեկի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը:

Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ, որոնց մի մասը դեռ բանտում է: Իշխանությունները տեղի ունեցածը համարում են զանգվածային անկարգություններ: