Կրեմլի աղբյուրը հայտնել է, որ Մոսկվան կողմ է Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությանը: «Մենք ելնում ենք այն բանից, որ եթե անգամ Քադաֆիին հաջողվի իրավիճակը վերահսկողության տակ առնել, նա կենդանի դիակ է, որը տեղ չունի ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում»,-«Ինտերֆաքսին»  հայտնել է Կրեմլի աղբյուրը: Աղբյուրը միաժամանակ ընդգծել է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «հենց սկզբից բացասաբար է վերաբերվել Լիբիայի  իշխանությունների գործողություններին»:

Ինչպես հայտնել է աղբյուրը, այն փաստը, որ Լիբիայի վերաբերյալ Մեդվեդեւի հայտարարությունները հաջորդել են իրադարձությունների մեկնարկից մի քանի օր անց, մեկ պատճառ ունի` «պատասխանատու վերաբերմունք Լիբիայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ»: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 28-ին Եվրամիությունը պաշտոնապես սանկցիա է կիրառել Լիբիայի նկատմամբ: Դրանով ծրագրվում է արգելել Լիբիա զենք-զինամթերք մատակարարումը, որը կարող է օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն Լիբիայի նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:

Մարտի 1-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է  հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքում գտնվող` Քադաֆիի հսկողության տակ եղած զինված ուժերին: