Մարտի 1-ի ողբերգությունը չէր լինի, եթե ժամանակին պատժվեին 2003թ. նախագահական ընտրությունների կեղծարարները: Այդ մասին հանրահավաքում հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա խոսքով, մարտի 1-ի սպանդի հիմքերը դրվեցին 2004թ. ապրիլի լույսի 13-ի գիշերը, երբ դաժանաբար ցրեցին ընդդիմության խաղաղ հանրահավաքը: Քանի որ դրա համար ոչ ոք չպատժվեց, չորս տարի անց տեղի ուենցան ողբերգական իրադարձությունները:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ներկայիս իշխանություններին մեղադրելով ավտորիտար կառավարման մեջ, նկատել է, որ նման կառավարումն իրեն չի արդարացնում, ինչի վկայությունն արաբական աշխարհի իրադարձություններն են: Սարգսյանը նախազգուշացրել է, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է կրկնել Մուամար Քադաֆիի ճակատագիրը:

Նշենք, որ հանրահավաքին է միացել նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կանգնել է ներքեւի մասում: Մարդիկ նրան դիմավորել են ծափողջույններով:

Նշենք, ուղիղ երեք տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք: Ընդդիմությունը չճանաչեց 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընդդիմության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ից շուրջօրյա ցույցեր կազմակերպեց Երեւանի Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր էին ընթանում` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին, որից հետո հազարավոր մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ: Կեսօրին մոտ տարերայնորեն Մյասնիկյանի արձանի մոտ էին հավաքվել հսկայական քանակությամբ ընդդիմության կողմնակիցներ, որոնք սպասելով ուժային գործողության իշխանությունների կողմից, կսեցին ավտոբուսներով բարիկադներ կառուցել:

Մարտի մեկի երեկոյան ժամը 21-ի սահմաններում իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ:

Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: