Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր՝ փետրվարի 25-ին, դարձյալ հետաձգվեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Մահրան Պողոսյանը։

Նա նշեց, որ դատական նիստը հետաձգվել է քննիչի և մեղադրող դատախազի բացակայության պատճառով։ Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 11-ից առ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի քննում Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն, որ գտնվում է հետախուզման մեջ, այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: