Հայաստանում գործող սահմանադրությամբ երկար շարունակելու դեպքում մենք նորից մոտենալու ենք բռնապետության մոդելին, մոտենալու ենք անձնակենտրոն իշխանությանը: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է անհապաղ սահմանադրական փոփոխություններ անցկացնել եւ չձգձգել, ինչպես իշխանություններն են առաջարկում:
«Խորապես համոզված եմ, որ հենց հիմա էլ պետք է ձեւավորվի հավասարակշռությունը իշխանության տարբեր թեւերի միջեւ այն մակարդակով, որ մեկը մյուսի նկատմամբ վերահսկողության եւ պահանջի իրավունք ունենան՝ եւ իրավական, եւ փաստական...Հասարակությունը շահագրգռված է սահմանադրական փոփոխությունների կատարմամբ, հաշվի առնելով, որ վերջին փոփոխուևթյունները արագացրեցին հեղափոխական գործընթացները», - նշեց նա:
Խառատյանը կարծում է, որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները 1990-ականներին չլուծված քաղաքական եւ իրավական խնդիրների հետեւանք էին: «Հասարակությունում հստակ պատկերացում չկա, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին: Շատ փորձագետների կարծիքով, մինչեւ այս հարցի պատասխանը չտրվի, մենք չենք կարող լուրջ փոփոխություններ ակնկալել: Սակայն քանի դեռ մարտի 1-ի գործը հստակ իրավական գնահատական չի ստացել, կան միայն քաղաքական գործընթացներ: Սա, մասնավորապես, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի գործերին: Ներկայացված մեղադրանքը ակնհայտորեն քաղաքականացված է», - եզրափակեց Հրանուշ Խառատյանը:





























